ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե ցանկանում եք օպերատիվ ծանոթանալ ՀՀ դատախազության կայքէջի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել եւ ներքոշարադրյալ բաժինների նորությունների մասին Ձեզ կտեղեկացնենք անմիջապես:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք print



ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԵՐԿՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ, ԵՐՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ

ԵՐԿՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 27. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 164. ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Դատարանները հատուկ վարույթի գործերը քննում են սույն օրենսգրքով նախատեսված դատավարության ընդհանուր կանոնների համաձայն, այն բացառություններով եւ լրացումներով, որոնք սահմանված են սույն օրենսգրքի 28-36 գլուխներով:

ԳԼՈՒԽ 28. ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԼՐԻՎ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ (ԷՄԱՆՍԻՊԱՑԻԱ) ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

ՀՈԴՎԱԾ 165. ԻՐԵՆ ԼՐԻՎ ԳՈՐԾՈՒՆԱԿ (ԷՄԱՆՍԻՊԱՑՎԱԾ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԴԻՄՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում տասնվեց տարեկան դարձած անչափահասը կարող է դիմել իր բնակության վայրի քաղաքացիական գործեր քննող դատարան` իրեն լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին դիմումով:

ՀՈԴՎԱԾ 166. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Դատարանը դիմումը քննում է դիմողի, ծնողներից մեկի (որդեգրողների, հոգաբարձուի) կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

ՀՈԴՎԱԾ 167. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Դիմումի քննության արդյունքներով դատարանը վճիռ է կայացնում դիմողի խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին:
Դիմումը բավարարվելու դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից տասնվեց տարեկան դարձած անչափահասը ճանաչվում է լրիվ գործունակ (էմանսիպացված):

ԳԼՈՒԽ 29. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

ՀՈԴՎԱԾ 168. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների, խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումի հիման վրա:
2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա:
 3. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է քաղաքացու բնակության վայրի` քաղաքացիական գործեր քննող դատարան, իսկ եթե անձը բուժվում է հոգեբուժական հաստատությունում` նաեւ դրա գտնվելու վայրի դատարան:
(168-րդ հոդվածը լրացվ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 ՀՈԴՎԱԾ 169. ԴԻՄՈՒՄԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են քաղաքացու հոգեկան խանգարման մասին, եւ որոնց հետեւանքով նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:
2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են, որ ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահող, ինչպես նաեւ մոլեխաղերով հրապուրվող անձն իր ընտանիքը դրել է նյութական ծանր կացության մեջ:

ՀՈԴՎԱԾ 170. ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀՈԳԵԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

Քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատավորը, նրա հոգեկան վիճակը պարզելու համար, նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն: Դատահոգեբուժական փորձաքննության անցկացումից այն անձի ակնհայտ խուսափելու դեպքում, որի նկատմամբ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործ է հարուցվել, դատարանը որոշում է կայացնում քաղաքացուն հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննության ուղարկելու մասին:

ՀՈԴՎԱԾ 171. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Քաղաքացին կարող է կանչվել դատական նիստի, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը:
2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է այդ քաղաքացու եւ խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:
3. Դիմողն ազատվում է քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից:
4. Դատարանը, պարզելով, որ դիմում տված ընտանիքի անդամները վարվել են անբարեխիղճ` ակնհայտորեն նպատակ ունենալով քաղաքացուն անհիմն զրկել գործունակությունից կամ սահմանափակել նրա գործունակությունը, դատական ծախսերը բռնագանձում է նրանցից:

ՀՈԴՎԱԾ 172. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա խնամակալության եւ հոգաբարձության մարմինը նշանակում է խնամակալ:
2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա խնամակալության եւ հոգաբարձության մարմինը նշանակում է հոգաբարձու:

ՀՈԴՎԱԾ 173. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը` խնամակալի, ընտանիքի անդամի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումով, դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա, վճիռ է կայացնում ապաքինվածին գործունակ ճանաչելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված խնամակալությունը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը` քաղաքացու, նրա հոգաբարձուի կամ ընտանիքի անդամի դիմումով վճիռ է կայացնում քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացնելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը:

ԳԼՈՒԽ 29.1. ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
(29.1-րդ գլուխը լրաց. 07.07.05 ՀՕ-163-Ն օրենք)

ՀՈԴՎԱԾ 1731. ԴԻՄՈՒՄ ՏԱԼԸ

Երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումը տրվում է որդեգրվող երեխայի բնակության վայրի (գտնվելու վայրի) քաղաքացիական գործեր քննող դատարան:
(1731-րդ հոդվածը լրացվ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

ՀՈԴՎԱԾ 1732. ԴԻՄՈՒՄԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Դիմումում պետք է նշվեն`
1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը.
2) որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը եւ բնակության վայրը.
3) եթե որդեգրվող երեխան մինչեւ մեկ տարեկան է, ապա որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը փոփոխելու մասին.
4) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը եւ վայրը փոփոխելու, իրեն (իրենց) որպես որդեգրվող երեխայի ծնող (ծնողներ) գրառելու մասին:
2. Դիմումին պետք է կցվեն`
1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ամուսնության վկայականի պատճենը, եթե որդեգրել ցանկացող անձը (անձինք) գտնվում է (են) ամուսնության մեջ.
3) երեխան ամուսիններից մեկի կողմից որդեգրվելու դեպքում որդեգրման համար մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը.
4) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը: Եթե երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում եւ նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու:
Որդեգրմանը երեխայի համաձայնությունը ի հայտ են բերում խնամակալության եւ հոգաբարձության մարմինները.
5) որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը (պատճենը).
6) առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք.
7) որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք.
8) խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխաների խնամակալների (հոգաբարձուների) գրավոր համաձայնությունը, ինչպես նաեւ խնամատար ընտանիքներում գտնվող երեխաների խնամատար ծնողների գրավոր համաձայնությունը.
9) որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր` որդեգրվող երեխայի ծնողների կողմից գրավոր համաձայնություն` երեխային որդեգրման տալու մասին, ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ծնողին (ծնողներին) ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի
պատճենը, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում` փաստը հաստատող տվյալներ.
10) անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաեւ նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում` խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությունը.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության եւ այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի եւ որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք որդեգրել ցանկացող անձը (անձինք) ներկայացրել են եզրակացությունը ստանալու
 համար.
12) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացի երեխային որդեգրելիս սույն հոդվածի 1-ին մասի 1-10-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաեւ երեխայի օրինական ներկայացուցչի եւ այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացին է համարվում երեխան, ինչպես նաեւ որդեգրման համար տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է նշված պետության օրենսդրությամբ.
13) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով տրված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված նախնական համաձայնությունը:

ՀՈԴՎԱԾ 1733. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի, որդեգրել ցանկացող անձի եւ տասնչորս տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ: Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի մասնակցությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուցիչներին եւ այլ շահագրգիռ անձանց, ինչպես նաեւ տասը տարին լրացած որդեգրվող երեխային:
Որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ:
(1733-րդ հոդվածը լրացվ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

ՀՈԴՎԱԾ 1734. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` որդեգրումը հաստատելու մասին:
Որդեգրվող երեխայի անվան, հայրանվան եւ ազգանվան, ծննդյան ժամանակի եւ (կամ) վայրի փոփոխման, որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառվելու անհրաժեշտության, ինչպես նաեւ որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու դեպքերում նշվում են որդեգրման մասին դատարանի վճռի մեջ:
Դատարանը որդեգրումը մերժում է`
1) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Դատարանի վճիռը, որով հաստատված է ճանաչվում երեխայի որդեգրումը, հիմք է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից պետական գրանցման համար:

ՀՈԴՎԱԾ 1735. ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ

Որդեգրումը վերացնելու գործերի քննությունը եւ լուծումն իրականացվում են հայցային վարույթի կանոններով:

ԳԼՈՒԽ 30. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

ՀՈԴՎԱԾ 174. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԸ

Քաղաքացու` հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմում տալու իրավունք ունի այն հոգեբուժական հաստատության տնօրինությունը, որում բուժվում է քաղաքացին: Դիմումը տրվում է այդ հոգեբուժական հաստատության գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:
Դիմումին կցվում է հոգեբուժական հաստատությունում անձի հետագա գտնվելու անհրաժեշտության վերաբերյալ բժիշկ-հոգեբույժների հանձնաժողովի պատճառաբանված եզրակացությունը:
(174-րդ հոդվածը լրացվ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

ՀՈԴՎԱԾ 175. ԴԻՄՈՒՄ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Քաղաքացու հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմումը տրվում է քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում տեղավորելու պահից 72 ժամվա ընթացքում:    Դատավորը, հարուցելով գործը, դիմումը դատարանում միաժամանակ քննելու համար անհրաժեշտ ժամանակահատվածով երկարաձգում է հոգեբուժական հաստատությունում քաղաքացու գտնվելու ժամկետը:

ՀՈԴՎԱԾ 176. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Քաղաքացու` հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմումը դատավորը քննում է գործը հարուցելու օրվանից հինգ օրվա ընթացքում:
Քաղաքացին իրավունք ունի մասնակցել դատական նիստին: Եթե հոգեբուժական հաստատությունից ստացված տեղեկությունների համաձայն անձի հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցել դատական նիստին, ապա դատավորը դիմումը քննում է հոգեբուժական հաստատությունում:
2. Դիմումի քննությանը պարտադիր է այն հոգեբուժական հաստատության ներկայացուցչի, որի նախաձեռնությամբ գործ է հարուցվել, ինչպես նաեւ այն անձի ներկայացուցչի մասնակցությունը, որի նկատմամբ լուծվում է բուժման հարցը:

 ՀՈԴՎԱԾ 177. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

 Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ, որով մերժում կամ բավարարում է դիմումը:
Դիմումը բավարարելու վերաբերյալ վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժման ենթարկելու համար:

ԳԼՈՒԽ 31. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

ՀՈԴՎԱԾ 178. ԴԻՄՈՒՄ ՏԱԼԸ

Քաղաքացուն  անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է նրա վերջին հայտնի բնակության վայրի կամ դիմողի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան:
(Հոդված 178-ը լրացվ.  28.11.07 ՀՕ-277-Ն)

ՀՈԴՎԱԾ 179. ԴԻՄՈՒՄԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Դիմումում պետք է նշվեն`
1) քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու դեպքում դիմողի համար ակնկալվող իրավական հետեւանքները.
2) քաղաքացու անհայտ բացակայությունը հավաստող հանգամանքները.
3) անհայտ բացակայողին մահ սպառնացող կամ այլ հանգամանքները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նրա մահը որոշակի դժբախտ պատահարի հետեւանք է:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պահանջները չկատարվելու դեպքում դատարանը վերադարձնում է դիմումը:

ՀՈԴՎԱԾ 180. ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՄՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Դատավորը, բացակայողի մասին տեղեկություններ ստանալու նպատակով, հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի եւ աշխատավայրի համապատասխան կազմակերպություններին, ինչպես նաեւ որոշում է կայացնում` դիմողի հաշվին հաղորդագրություն հրապարակել մամուլում` քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Դիմումն ընդունելուց հետո դատավորը կարող է առաջարկել խնամակալության եւ հոգաբարձության մարմնին` խնամակալ նշանակել բացակայող քաղաքացու գույքի պահպանության համար:

ՀՈԴՎԱԾ 181. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

1. Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին` դատարանի վճռի հիման վրա, բացակայողի գույքի գտնվելու վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմինն այդ գույքի նկատմամբ խնամակալություն է սահմանում:
2. Քաղաքացուն մահացած ճանաչելու մասին` դատարանի վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինն այդ քաղաքացու մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում գրառում է կատարում:

ՀՈԴՎԱԾ 182. ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՆՐԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված քաղաքացու ներկայանալու դեպքում դատարանը նրա դիմումի հիման վրա վճիռ է կայացնում նախկինում կայացրած իր վճիռը վերացնելու մասին: Այդ վճռի հիման վրա վերացվում է գույքի նկատմամբ խնամակալությունը, եւ չեղյալ է համարվում քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում նրա մահվան վերաբերյալ գրառումը:

ԳԼՈՒԽ 32. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

ՀՈԴՎԱԾ 183. ԴԻՄՈՒՄ ՏԱԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում (ակտերի գրքեր) գրառումների անճշտությունները պարզելու վերաբերյալ գործերը դատարանը քննության է առնում, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` իրավունքի վերաբերյալ վեճի բացակայության դեպքում, հրաժարվել են ուղղումներ կամ փոփոխություններ մտցնել կատարված գրառման մեջ:
2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում գրառումների անճշտություններ պարզելու վերաբերյալ դիմումը տրվում է դիմողի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան:
(Հոդված 183-ը լրացվ.  28.11.07 ՀՕ-277-Ն)

ՀՈԴՎԱԾ 184. ԴԻՄՈՒՄԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Դիմումում պետք է նշվի, թե որն է քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում կատարված գրառման անճշտությունը եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման որ մարմինը եւ երբ է մերժել կատարված գրառումն ուղղելու կամ փոփոխելու մասին դիմումը:

ՀՈԴՎԱԾ 185. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Դատարանի վճիռը, որով հաստատված է ճանաչվում քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում կատարված գրառման անճշտությունը, հիմք է նման գրառումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ուղղելու կամ փոփոխելու համար:

ԳԼՈՒԽ 33. ԳՈՒՅՔԸ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

ՀՈԴՎԱԾ 186. ԴԻՄՈՒՄ ՏԱԼԸ

Շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է գույքը տիրապետող քաղաքացու բնակության վայրի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի քաղաքացիական գործեր քննող դատարան:
Անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է այդ գույքի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:
(Հոդված 186-ը լրացվ.  28.11.07 ՀՕ-277-Ն)

ՀՈԴՎԱԾ 187. ԴԻՄՈՒՄԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումում պետք է նշվի, թե որ գույքն է տիրազուրկ ճանաչվելու, նկարագրվեն դրա հիմնական տարբերակիչ հատկանիշները, ինչպես նաեւ բերվեն ապացույցներ, որոնք հաստատում են սեփականատիրոջ կողմից առանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության գույքը թողնելու փաստը եւ ապացույցներ` գույքը դիմողի տիրապետմանն անցնելու մասին:

ՀՈԴՎԱԾ 188. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Դատարանը, գտնելով, որ գույքը սեփականատեր չունի կամ այն դրա սեփականատիրոջ կողմից թողնվել է առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության, վճիռ է կայացնում գույքը տիրազուրկ ճանաչելու եւ տիրապետող անձի սեփականությանն այն հանձնելու մասին:

ԳԼՈՒԽ 34. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

ՀՈԴՎԱԾ 189. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԸ

1. Ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատաuխան, հաuտատում է այն փաuտերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
2. Դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`
1) անձանց ազգակցական հարաբերություններին.
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի եւ մահվան գրանցմանը.
4) անձի` որոշակի ժամանակում եւ որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելուն եւ ժառանգության բացման վայրին.
6) դժբախտ պատահարին.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի եւ զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9) անհաղթահարելի ուժի առկայությանը:
3. Դատարանը, օրենքով նախատեսված դեպքերում, քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
(Հոդված 189-ը լրացվ.  28.11.07 ՀՕ-277-Ն)

ՀՈԴՎԱԾ 190. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը քննվում են դիմողի գտնվելու վայրի դատարանում, բացառությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերի, որոնք քննվում են անշարժ գույքի գտնվելու վայրի դատարանում:

ՀՈԴՎԱԾ 191. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաեւ բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:

ՀՈԴՎԱԾ 192. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԸ

Դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն
 այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

ՀՈԴՎԱԾ 193. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

1. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող դատարանի վճռում պետք է շարադրվի հաստատված փաստը:
2. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ դատարանի վճիռը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձեւակերպելու համար:

ԳԼՈՒԽ 35. ԸՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ԵՎ ՕՐԴԵՐԱՅԻՆ ԿՈՐՑՐԱԾ  ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ (ԿՈՉԻ ՎԱՐՈՒՅԹ)

ՀՈԴՎԱԾ 194. ԴԻՄՈՒՄ ՏԱԼԸ

Ըuտ ներկայացնողի կամ oրդերային արժեթուղթը (այuուհետ` արժեթուղթ) կորցրած անձը կարող է, գործերի տարածքային ընդդատությանը համապատաuխան դիմում ներկայացնել քաղաքացիական դատարան` կորցրած արժեթուղթն անվավեր ճանաչելու և դրանով հավաuտված իրավունքը վերականգնելու մաuին:
Արժեթղթով հավաստված իրավունքը կարող է վերականգնվել նաեւ անպատշաճ պահելու հետեւանքով կամ այլ պատճառներով դրա վճարունակության հատկանիշների կորստի դեպքում:
(Հոդված 194-ը լրացվ.  28.11.07 ՀՕ-277-Ն)

ՀՈԴՎԱԾ 195. ԿՈՐՑՐԱԾ ԱՐԺԵԹՂԹՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ գործը քննվում է այդ արժեթուղթը տված կազմակերպության գտնվելու վայրի դատարանում:
(Հոդված 195-ի վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

ՀՈԴՎԱԾ 196. ԿՈՐՑՐԱԾ ԱՐԺԵԹՂԹՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն կորցրած արժեթղթի վավերապայմանները, արժեթուղթը տված կազմակերպության անվանումը, ինչպես նաեւ շարադրվեն արժեթղթի կորստի հանգամանքները:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պահանջները չկատարվելու դեպքում դատարանը վերադարձնում է դիմումը:

ՀՈԴՎԱԾ 197. ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՄՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

1 Դատարանը կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու մասին դիմումն ընդունելուց հետո որոշում է կայացնում այդ արժեթղթով վճարումները կամ հանձնումները արգելելու մասին:
2. Դատարանը դիմողի հաշվին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում մամուլում:
Հաղորդագրությունը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը.
2) դիմողի անունը (անվանումը) եւ նրա բնակության (գտնվելու) վայրը.
3) կորցրած արժեթղթի անվանումը, ռեկվիզիտները եւ մյուս տարբերիչ հատկանիշները.
4) արժեթուղթը տիրապետողին ուղղված առաջարկ` հաղորդագրությունը հրապարակելու օրվանից երկամսյա ժամկետում հայտնելու դատարանին այդ արժեթղթի նկատմամբ իր իրավունքների մասին եւ ներկայացնելու դրա բնօրինակը կամ պատճենը:

ՀՈԴՎԱԾ 198. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Դատարանը կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ  գործը քննում է հաղորդագրության հրապարակման օրվանից,  երկու ամիս անցնելուց հետո:

ՀՈԴՎԱԾ 199. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

1. Դատարանը դիմումը բավարարելու դեպքում վճիռ է կայացնում կորցրած արժեթուղթն անվավեր ճանաչելու եւ դիմողի` դրանով հավաստված իրավունքը վերականգնելու մասին:
2. Դատարանի վճռի հիման վրա համապատասխան կազմակերպությունը դիմողին տալիս է նոր արժեթուղթ:

ՀՈԴՎԱԾ 200. ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԺԵԹՈՒՂԹԸ  ՏԻՐԱՊԵՏՈՂԻ ԴԻՄՈՒՄՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Հաղորդագրությունը հրապարակելու օրվանից երկամսյա ժամկետում արժեթուղթը տիրապետողի դիմումն ստանալու դեպքում դատարանն առանց քննության է թողնում արժեթուղթը կորցրած անձի դիմումը:

ՀՈԴՎԱԾ 201. ԱՐԺԵԹՈՒՂԹԸ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ` ԳՈՒՅՔՆ ԱՆՀԻՄՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հաղորդագրությունը հրապարակվելու օրվանից երկամսյա ժամկետում արժեթղթի նկատմամբ իր իրավունքների մասին չհայտնած արժեթուղթը տիրապետող անձը կարող է դատարանի վճռի հիման վրա նոր արժեթուղթ ստացած անձի դեմ հայց հարուցել` գույքն անհիմն ձեռք բերելու վերաբերյալ:

ԳԼՈՒԽ 36. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԻ` ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

ՀՈԴՎԱԾ 202. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

1. Կողմերն իրավունք ունեն հաշտության համաձայնություն կնքել դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում:
2. Կողմերի հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել նաեւ դատարանի վճռի հարկադիր կատարման եղանակին, ժամկետներին եւ կարգին:
3. Կողմերը հաշտության համաձայնությունը կնքում են գրավոր` իրենց կողմից ստորագրված մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
4. Կողմերն իրենց կնքած հաշտության համաձայնությունը ներկայացնում են հարկադիր կատարողին:

ՀՈԴՎԱԾ 203. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՂՄԵՐԻ  ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Հարկադիր կատարողը, ստանալով կողմերի հաշտության համաձայնությունը, պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը եւ անհապաղ դիմել կատարողական թերթ տված դատարան:

ՀՈԴՎԱԾ 204.  ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

1. Դատարանը, հարկադիր կատարողի դիմումի հիման վրա, վճիռը վերանայում է սույն օրենսգրքի 19 գլխում սահմանված արագացված դատաքննության կարգով:
2. Դատարանը վերանայում է միայն կայացրած վճռի այն մասը, որը վերաբերում է կողմերի հաշտության համաձայնությամբ սահմանված կատարման եղանակին, ժամկետին եւ կարգին:
3. Վճիռը վերանայելու մասին դատարանը կայացնում է վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):

ԳԼՈՒԽ 36.1. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
(36.1-րդ գլուխը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն օրենք)

ՀՈԴՎԱԾ 2041. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

1. Որոշակի դրամական պահանջներով թույլատրելի է վճարման կարգադրություն արձակել գործերի վարույթ (ստորեւ` կարգադրության վարույթ)` սույն գլխի դրույթներին համապատասխան: Սույն գլխում պահանջը համարվում է որոշակի, եթե այն սահմանված է կողմերի համաձայնությամբ կամ կարող է ճշգրիտ որոշվել օրենքի կամ պայմանագրի հիման վրա:
2. Կարգադրության վարույթ թույլատրելի չէ, երբ`
1) դրամական պահանջը կապված է դեռեւս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ.
2) ներկայացված պահանջի հիմքում ընկած է վարկային պայմանագիրը, եւ նախատեսված տոկոսադրույքը պայմանագրի կնքման պահին եղել է ավելի, քան օրենքով սահմանված տոկոսադրույքը:

ՀՈԴՎԱԾ 2042. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ

1. Դատարան ներկայացվող դիմումը պետք է ուղղակիորեն պարունակի պահանջ վճարման կարգադրություն արձակելու մասին եւ ներառի հետեւյալ տվյալները.
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
2) կողմերի անունները (անվանումները), հասցեները (գտնվելու վայրը).
3) հիմնական եւ լրացուցիչ պահանջների հիմքը եւ չափը` առանձին-առանձին.
4) պահանջը հաստատող ապացույցները.
5) հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռեւս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են.
6) դիմում ներկայացնողի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի ստորագրությունը:
Եթե դիմումը ստորագրված է դիմողի օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի կողմից, ապա դիմումին կցվում են նաեւ վերջիններիս ներկայացուցչությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը:
2. Եթե պարտավորությունն ապահովված է գրավով, եւ դիմումատուն ցանկանում է հանդես գալ որպես գրավով ապահովված պարտատեր, ապա դիմումին պետք է կցվի նաեւ գրավի պայմանագիրը:
3. Դիմումը եւ կից փաստաթղթերը դատարան են ներկայացվում երկու օրինակից:

ՀՈԴՎԱԾ 2043. ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Վճարման կարգադրություն արձակելու գործն ընդդատյա է միայն պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարանին:

ՀՈԴՎԱԾ 2044. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՈՒՄԸ

1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումը մերժվում է այն մասով, որով`
1) այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 204.1-204.3-րդ հոդվածների դրույթներին.
2) պահանջը առերեւույթ հիմնավորված չէ, կամ
3) պահանջը հաստատող ապացույցները կասկածելի են:
2. Մերժումից առաջ դիմողը պետք է հնարավորություն ունենա արտահայտելու իր դիրքորոշումը, այդ թվում` հեռակա կարգով (ֆաքս, էլեկտրոնային փոստի միջոցներ եւ այլն): Դիրքորոշում չարտահայտելն արգելք չէ մերժման մասին որոշում կայացնելու համար: Մերժման մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման:
3. Մերժման մասին որոշումը խոչընդոտ չէ, որ հայցվորը հայցի ձեւով ներկայացնի իր պահանջի մերժված մասը:

ՀՈԴՎԱԾ 2045. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Դատավորը պարտավոր է դիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ձեռնարկել հետեւյալ գործողություններից մեկը.
1) արձակել վճարման կարգադրություն.
2) ամբողջովին մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը.
3) մասամբ մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը` մյուս մասով արձակելով վճարման կարգադրություն:

ՀՈԴՎԱԾ 2046. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումն ամբողջովին մերժելու մասին որոշում չկայացնելու դեպքում դատարանն առանց նիստ հրավիրելու արձակում է վճարման կարգադրություն:
2. Վճարման կարգադրությունը պարունակում է`
1) նշում առ այն, որ դատարանը ըստ էության չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը.
2) կարգադրություն` երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետեւյալ գործողություններից որեւէ մեկը`
- կատարել վճարման պահանջը, եթե պատասխանողը պահանջը հիմնավորված է համարում,
- դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ), ներկայացնել գրավոր առարկություն, եթե պատասխանողը ներկայացված պահանջը դիտում է որպես չհիմնավորված:
Պատասխանողն իրավունք ունի գրավոր առարկություն ներկայացնելու նաեւ պահանջի միայն մի մասի վերաբերյալ` մյուս մասով կատարելով վճարման պահանջը.
3) նշում առ այն, որ առարկություն ներկայացնելու դեպքում վեճը կարող է քննվել ըստ էության հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը.
4) նշում առ այն, որ սահմանված ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ եւ ենթակա է հարկադիր կատարման:
3. Վճարման կարգադրությանը կցվում են դիմումի եւ կից փաստաթղթերի կրկնօրինակները:
4. Վճարման կարգադրությունը պատասխանողին ուղարկվում է փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ):

ՀՈԴՎԱԾ 2047. ԱՆՑՈՒՄԸ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ

Սահմանված ժամկետում վճարման կարգադրության վերաբերյալ դատարանում առարկություն ստացվելու դեպքում կարգադրությունը վերանում է: Այդ դեպքում պահանջը կարող է ներկայացվել ընդհանուր հայցային վարույթի կարգով:

ՀՈԴՎԱԾ 2048. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Այն դեպքում, երբ պատասխանողի կողմից վճարման կարգադրության ստացման մասին հետադարձ ծանուցումը (տեղեկացումը) ստանալու օրվանից հետո` երեք շաբաթվա ընթացքում, դատարանն առարկություն չի ստանում կամ ստանում է առարկություն, որը պատասխանողն ուղարկել է երկշաբաթյա ժամկետի խախտմամբ, ապա վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ եւ ենթակա է հարկադիր կատարման: Դատարանը դիմողի պահանջով բռնագանձման մասին դիմողի դիմումի հիման վրա տալիս է կատարողական թերթ: Եթե դիմումին կցված է եղել գրավի պայմանագիրը, ապա կատարողական թերթում նշում է կատարվում, որ բռնագանձումը կարող է տարածվել նաեւ գրավի առարկայի վրա:

 

 ԵՐՐՈՐԴ1   ԲԱԺԻՆ 

 ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ 
(Բաժինն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն)

 ԵՐՐՈՐԴ 2   ԲԱԺԻՆ

 ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ
(Բաժինն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն)
 

 

ԵՐՐՈՐԴ 3  ԲԱԺԻՆ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
(Բաժինը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն)

 
Հոդված 20430 Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը


1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

 

Հոդված 20431. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք 
 
Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները.
2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 32 հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.
3) այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել են միջազգային պայմանագրի պահանջներին (ժամկետներին) համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք:

 


Հոդված 20432. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը


 Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապoրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.
3) դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք, կամ
4) վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:


Հոդված 20433. Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը


 Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
(20433-րդ հոդվածը փոփոխվ. է 26.10.2011թ. ՀՕ-269-Ն օրենք)


Հոդված 20434. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը


 1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
2. Սույն օրենսգրքի 204.33 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
3. Սույն օրենսգրքի 204.33 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու oրվանից:
4. Դատական ակտի վերանայման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

 



Հոդված 20435. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը

 

(20435-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել 08.02.11 ՀՕ-47-Ն)



Հոդված 20436. Բողոքի բովանդակությունը


 Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը պետք է պարունակի`
1) այն դատարանի անվանումը, որին բողոքը հասցեագրվում է.
2) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
3) դատական ակտի վերանայման համար հիմք դարձած նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը.
4) բողոքով ներկայացվող պահանջը` ըստ համապատասխան նոր երևան եկած կամ նոր հանգամանքի.
5) բողոք ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը).
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
(20436-րդ հոդվածը լրացվ. է 08.02.11 ՀՕ-47-Ն)

 



Հոդված 20437  Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը

 

1. Դատարանը, սույն օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, բողոքը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ բողոքը վերադարձնելու մասին:
2. Դատարանը դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն պատշաճ ձևով ուղարկում է բողոք ներկայացրած անձին և գործին մասնակցող անձանց` նշելով բողոքի քննության ժամանակը և վայրը:
3. Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ դատարանը կարող է միաժամանակ լրիվ կամ մասամբ կասեցնել դատական ակտի գործողությունը:
4. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվում է, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 204.36-րդ հոդվածով նախատեսված պահանջները.
2) բողոքում նշված դատական ակտի վերանայումը ընդդատյա չէ այն դատարանին, որին հասցեագրվել է բողոքը.
3) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և բողոք ներկայացրած անձը միջնորդություն չի ներկայացրել դա վերականգնելու մասին.
4) մինչև դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.
5) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած` նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել:
(20437-րդ հոդվածը լրացվ. է 08.02.11 ՀՕ-47-Ն)


Հոդված 20438. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման կանոնները

1. Եթե սույն բաժնով նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:
2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 204.32 կամ 204.33 հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:
3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:
(20438-րդ հոդվածը փոփոխվ. է 26.10.2011թ. ՀՕ-269-Ն)
(Բաժինը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն)


 

 



 

 

Հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2005-2013
Հրապարակված փաստաթղթերը պաշտոնապես կարող են օգտագործվել միայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից հաստատվելուց հետո:
Մեր հասցեն` Հայաստանի Հանրապետություն
ք.Երեւան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5
Հեռ.` +374 (10) 511-650
Ֆաքս՝ +374 (10) 511-646
Էլ. փոստ` info@prosecutor.am
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն