ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե ցանկանում եք օպերատիվ ծանոթանալ ՀՀ դատախազության կայքէջի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել եւ ներքոշարադրյալ բաժինների նորությունների մասին Ձեզ կտեղեկացնենք անմիջապես:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք print



ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 7. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 132. Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները

Քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են`
1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը եւ գույքային իրավունքները.
2) աշխատանքները եւ ծառայությունները.
3) տեղեկատվությունը.
4) մտավոր գործունեության արդյունքները` ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն).
5) ոչ նյութական բարիքները:

Հոդված 133. Քաղաքացիական իրավունքների օբյեկտների շրջանառունակությունը

1. Քաղաքացիական իրավունքների օբյեկտները կարող են ազատորեն օտարվել կամ անցնել մեկ անձից մյուսին համապարփակ իրավահաջորդության կարգով (ժառանգում, իրավաբանական անձի վերակազմակերպում), կամ այլ եղանակով, եթե դրանք հանված չեն շրջանառությունից, կամ դրանց շրջանառությունը սահմանափակված չէ:
2. Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները, որոնց շրջանառության մեջ գտնվելը չի թույլատրվում (շրջանառությունից հանված օբյեկտներ), պետք է ուղղակի նշված լինեն օրենքում:
3. Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները, որոնք կարող են պատկանել շրջանառության սոսկ որոշակի մասնակիցների կամ կարող են շրջանառության մեջ դրվել հատուկ թույլտվությամբ (սահմանափակ շրջանառու օբյեկտներ), որոշվում են օրենքով սահմանված կարգով:

Հոդված 134. Անշարժ եւ շարժական գույք

1. Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա եւ վերգետնյա շենքերը,
շինությունները եւ հողին ամրակցված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
2. Շարժական գույք է համարվում անշարժ չհամարվող գույքը:
(134-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 135. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը

1. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը եւ այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաեւ սույն
օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
2. Շարժական գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:
3. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգը եւ դրանց գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են  օրենքով:
(135-րդ հոդվածը լրացվ. է 08.04.10 ՀՕ-40-Ն)

Հոդված 136. Բաժանելի եւ անբաժանելի գույք

1. Գույքը կարող է լինել բաժանելի եւ անբաժանելի:
Անբաժանելի է համարվում այն գույքը, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոփոխման կամ ենթակա չէ բաժանման օրենքի ուժով:
2. Անբաժանելի գույքի սեփականության իրավունքում բաժնի առանձնացման կարգը սահմանվում է սույն օրենսգրքի 197 հոդվածի կանոններով:

 

Հոդված 137. Բաղադրատարր գույք

1. Եթե տարասեռ գույքի տարրերը կազմում են ընդհանուր նշանակությամբ իրենց օգտագործումը ենթադրող միասնական ամբողջություն, ապա դրանք դիտվում են
 որպես մեկ գույք (բաղադրատարր գույք):
2. Բաղադրատարր գույքի առնչությամբ կնքված գործարքի գործողությունը տարածվում է դրա բոլոր բաղադրիչ տարրերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 138. Գլխավոր գույք եւ պատկանելիք

Այլ (գլխավոր) գույքի սպասարկման համար նախատեսված եւ դրա հետ ընդհանուր նշանակությամբ կապված գույքը (պատկանելիք) հետեւում է գլխավոր գույքի ճակատագրին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 139. Անհատապես որոշվող գույք եւ տեսակային հատկանիշներով որոշվող գույք

1. Անհատապես որոշվող գույք է համարվում այլ գույքից իրեն ներհատուկ
 հատկանիշներով առանձնացված գույքը: Անհատապես որոշվող գույքն անփոխարինելի
 է:
2. Տեսակային հատկանիշներով որոշվող գույք է համարվում նույն տեսակի այլ գույքին ներհատուկ հատկանիշներով օժտված եւ թվով, քաշով ու չափով որոշվող գույքը: Տեսակային հատկանիշներով որոշվող գույքը փոխարինելի է:

Հոդված 140. Մտավոր սեփականություն

Սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերում ու կարգով ճանաչվում է քաղաքացու կամ իրավաբանական անձի բացառիկ իրավունքը մտավոր գործունեության օբյեկտիվ արտահայտված արդյունքների եւ դրանց հավասարեցված իրավաբանական անձի, արտադրանքի, կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների անհատականացման միջոցների (ֆիրմային անվանում, ապրանքային նշան, սպասարկման նշան եւ այլն) նկատմամբ (մտավոր սեփականություն):

Հոդված 141. Ծառայողական, առեւտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն

1. Տեղեկատվությունը ծառայողական, առեւտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առեւտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն եւ տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար:
2. Տեղեկությունները, որոնք չեն կարող ծառայողական, առեւտրային կամ բանկային գաղտնիք լինել, սահմանվում են օրենքով:
3. Ծառայողական, առեւտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը պաշտպանվում է սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված եղանակներով:
4. Ծառայողական, առեւտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունն ապօրինի եղանակներով ստացած անձինք պարտավոր են հատուցել պատճառված վնասները: Նման պարտականություն է դրվում նաեւ քաղաքացիական-իրավական կամ աշխատանքային պայմանագրի խախտմամբ ծառայողական, առեւտրային կամ բանկային տեղեկատվություն հրապարակած եւ (կամ) օգտագործած պայմանադիր կողմերի վրա:
(141 հոդ. լրաց. 07.02.00 ՀՕ-29 օրենք)

Հոդված 142. Դրամ (արժույթ)

1. Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը Հայաստանի
 Հանրապետության դրամն է:
2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի Հանրապետության դրամն անվանական արժեքով պարտադիր ընդունման համար օրինական վճարամիջոց է:
 3. Հայաստանի Հանրապետության տարածքում վճարները կատարվում են կանխիկ եւ անկանխիկ հաշվարկներով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա արժույթի օգտագործման
 դեպքերը, կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով:

Հոդված 143. Արժութային արժեքներ

Արժութային արժեքներ համարվող գույքի տեսակները եւ դրանցով կնքվող գործարքների կարգը սահմանվում են արժութային կարգավորման ու արժութային վերահսկողության մասին օրենքով եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով: Թանկարժեք մետաղներ համարվող գույքի տեսակները եւ դրանցով կնքվող գործարքների կարգը սահմանվում են թանկարժեք մետաղների մասին օրենքով եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետությունում արժութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքը պաշտպանվում է ընդհանուր հիմունքներով:
(143-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-153-Ն օրենք)

Հոդված 144. Պտուղներ, արտադրանք եւ եկամուտներ

Գույքի օգտագործման արդյունքում ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները) պատկանում է այդ գույքն օրինական հիմունքներով օգտագործող անձին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ գույքի օգտագործման մասին պայմանագրով:

Հոդված 145. Կենդանիներ

Կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

ԳԼՈՒԽ 8. ԱՐԺԵԹՂԹԵՐ

 § 1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 Հոդված 146. Արժեթուղթ

1. Արժեթուղթը, սահմանված ձեւի եւ պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս:    Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները:
2. Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով` արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման եւ փոխանցման համար բավարար են հատուկ գրանցամատյանում (սովորական կամ համակարգչային) դրանց ամրագրման մասին ապացույցները:

Հոդված 147. Արժեթղթին առաջադրվող պահանջները

1. Արժեթղթերով հավաստվող իրավունքների տեսակները, արժեթղթերի պարտադիր վավերապայմանները, արժեթղթի ձեւին առաջադրվող եւ այլ անհրաժեշտ պահանջները
 որոշվում են արժեթղթերի մասին օրենքներով կամ դրանցով սահմանված կարգով:
2. Արժեթղթի պարտադիր վավերապայմանների բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունն արժեթղթի համար սահմանված ձեւին այն դարձնում է
 առոչինչ:

Հոդված 148. Արժեթղթով հավաստված իրավունքների սուբյեկտները

1. Արժեթղթով հավաստվող իրավունքները կարող են պատկանել`
1) արժեթուղթը ներկայացնողին (ըստ ներկայացնողի արժեթուղթ).
2) արժեթղթում նշված անձին (անվանական արժեթուղթ).
3) արժեթղթում նշված անձին, ով կարող է ինքն իրականացնել այդ իրավունքները կամ իր կարգադրությամբ (հրամանով) նշանակել այլ իրավազոր անձի (օրդերային արժեթուղթ):
2. Օրենքով կարող է բացառվել որոշակի տեսակի (ըստ ներկայացնողի, անվանական կամ օրդերային) արժեթղթերի թողարկման հնարավորությունը:

Հոդված 149. Իրավունքներն արժեթղթով փոխանցելը

1. Ըստ ներկայացնողի արժեթղթով հավաստված իրավունքներն այլ անձի փոխանցելու համար բավական է արժեթուղթը հանձնել այդ անձին:
2.Անվանական արժեթղթով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել պահանջների զիջման (ցեսիայի) համար սահմանված կարգով, բացառությամբ պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման: Պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերը, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման, այդպիսի արժեթղթերով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել միայն համապարփակ իրավահաջորդության, բռնագրավման և բռնագանձման դեպքերում:
3. Օրդերային արժեթղթով իրավունքները փոխանցվում են այդ արժեթղթի վրա փոխանցագիր (ինդոսամենտ) կատարելու միջոցով: Օրդերային արժեթղթով իրավունքներ փոխանցող անձը` փոխանցագրողը (ինդոսանտը), պատասխանատվություն է կրում ոչ միայն իրավունքի գոյության, այլեւ դրա իրականացման համար:
4. Արժեթղթի վրա կատարված փոխանցագիրն արժեթղթով հավաստված բոլոր իրավունքները փոխանցում է արժեթղթի նոր տիրոջը (ինդոսատին), ում կամ որի
հրամանով փոխանցվում են արժեթղթով իրավունքները: Փոխանցագիրը կարող է լինել ձեւաթղթային (առանց նշելու այն անձին, ում պետք է տրամադրվի կատարումը) կամ
օրդերային (այն անձի նշմամբ, ում կամ որի հրամանով պետք է իրականացվի կատարումը):
5. Փոխանցագիրը կարող է սահմանափակվել միայն արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման հանձնարարությամբ` առանց այդ իրավունքները ինդոսատին փոխանցելու (հանձնարարական փոխանցագիր): Այդ դեպքում ինդոսանտը հանդես է գալիս որպես ներկայացուցիչ:
(149-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-224-Ն օրենք)

Հոդված 150. Արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարումը

1. Արժեթուղթ տված անձը եւ այն փոխանցագրած բոլոր անձինք համապարտ պատասխանատվություն են կրում դրա օրինական տիրապետողի առջեւ: Արժեթղթով պարտավորված մեկ կամ մի քանի անձանց կողմից արժեթղթի օրինական տիրապետողի պահանջը բավարարելու դեպքում նա (նրանք) հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք է ձեռք բերում արժեթղթով պարտավորված մնացած անձանց նկատմամբ:
2. Արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարումից պարտավորության հիմքի բացակայության կամ դրա անվավերության վկայակոչմամբ հրաժարվել չի թույլատրվում:     3. Արժեթուղթը տիրապետողը, հայտնաբերելով արժեթղթի խարդախում կամ կեղծում, իրավունք ունի արժեթուղթն իրեն հանձնած անձին պահանջ ներկայացնել` արժեթղթով հավաստված պարտավորության պատշաճ կատարման եւ վնասների հատուցման մասին:

Հոդված 151. Արժեթղթի վերականգնումը

 Ըստ ներկայացնողի եւ օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները  վերականգնում է դատարանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
(151-րդ հոդ. փոփ. 27.07.01 ՀՕ-205 օրենք)

Հոդված 152. Ոչ փաստաթղթային արժեթղթեր

1. Օրենքով նախատեսված դեպքերում կամ օրենքով սահմանված կարգով հատուկ  թույլտվություն (լիցենզիա) ստացած անձը կարող է անվանական կամ օրդերային արժեթղթով հավաստված իրավունքներն ամրագրել` ներառյալ ոչ փաստաթղթային (էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի օգնությամբ եւ այլն) ձեւով: Իրավունքներն ամրագրելու այդ ձեւի նկատմամբ կիրառվում են արժեթղթերի համար սահմանված կանոնները, եթե այլ բան չի բխում նման ամրագրման առանձնահատկություններից:
Ոչ փաստաթղթային ձեւով իրավունք ամրագրած անձը պարտավոր է իրավունքի տիրոջ պահանջով նրան տալ ամրագրված իրավունքի մասին վկայող փաստաթուղթ:
Ամրագրելու միջոցով հավաստված իրավունքների եւ իրավատերերի պաշտոնական ամրագրման, գրառումների փաստաթղթային հաստատման ու ոչ փաստաթղթային արժեթղթերով կատարվող գործառնությունների կարգը որոշվում է օրենքով կամ օրենքով սահմանված կարգով:
2. Ոչ փաստաթղթային արժեթղթերով գործառնությունները կարող են կատարվել միայն իրավունքների գրառում կատարող անձին դիմելու միջոցով: Իրավունքների փոխանցումը, վերապահումը եւ սահմանափակումը պետք է պաշտոնապես ամրագրի այն անձը, ով պատասխանատվություն է կրում պաշտոնական գրառումները պահպանելու, դրանց գաղտնիությունն ապահովելու, այդ գրառումների մասին ճշգրիտ տվյալներ ներկայացնելու, կատարված գործառնությունների վերաբերյալ պաշտոնական գրառումներ կատարելու համար:

§ 2. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 Հոդված 153. Ընդհանուր դրույթներ

1. Արժեթղթերի թվին են դասվում` պարտատոմսը, չեկը, հասարակ մուրհակը, փոխանցելի մուրհակը (վճարագիրը), բաժնետոմսը, կոնոսամենտը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկ, բանկային սերտիֆիկատ), երկակի պահեստային վկայագիրը, հասարակ պահեստային վկայագիրը եւ այլ փաստաթղթեր, որոնք արժեթղթերի մասին օրենքներով դասվում են արժեթղթերի թվին:
2. Պարտատոմսը եւ բաժնետոմսը ինվեստիցիոն (ներդրումային) արժեթղթեր են:
3. Չեկը, հասարակ մուրհակը եւ փոխանցելի մուրհակը (վճարագիրը) վճարային
 արժեթղթեր են:
4. Կոնոսամենտը, երկակի պահեստային վկայագիրը եւ հասարակ պահեստային վկայագիրը տիտղոսային արժեթղթեր են:

Հոդված 154. Պարտատոմս

1. Պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք: Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաեւ ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ:
2. Պարտատոմսերը կարող են լինել ըստ ներկայացնողի կամ անվանական:

Հոդված 155. Չեկ

Չեկ է համարվում այն արժեթուղթը, որը պարունակում է չեկ տվողի` որեւէ բանով չպայմանավորված գրավոր կարգադրությունը բանկին` չեկը տիրապետողին վճարել դրանում նշված գումարը:

Հոդված 156. Մուրհակ

Մուրհակ է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է մուրհակ տվողի (հասարակ մուրհակ) կամ մուրհակում նշված այլ վճարողի (փոխանցելի մուրհակ` վճարագիր) որեւէ բանով չպայմանավորված պարտավորությունը` մուրհակում նախատեսված ժամկետը լրանալիս որոշակի գումար վճարել մուրհակը տիրապետողին (մուրհակի տիրոջը):

Հոդված 157. Բաժնետոմս

1. Բաժնետոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրոջ (բաժնետիրոջ) բաժնետիրական ընկերության շահույթից շահութաբաժնի ձեւով մաս ստանալու, բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու եւ նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս ստանալու իրավունքը:
2. Բաժնետոմսերը կարող են լինել` ըստ ներկայացնողի կամ անվանական, ազատ շրջանառու կամ սահմանափակ շրջանառու, հասարակ կամ արտոնյալ:

Հոդված 158. Կոնոսամենտ

1. Կոնոսամենտ է համարվում ապրանքը տնօրինելու մասին փաստաթուղթը, որը
հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` տնօրինելու կոնոսամենտում նշված բեռը
 եւ փոխադրելուց հետո ստանալու այն:
2. Կոնոսամենտը կարող է լինել` ըստ ներկայացնողի, օրդերային կամ անվանական:

Հոդված 159. Բանկային վկայագիր

1. Բանկային վկայագիր (բանկային գրքույկ, բանկային սերտիֆիկատ) է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է ավանդի գումարը եւ ավանդատուի իրավունքը` սահմանված ժամկետի ավարտից հետո վկայագիր տված բանկում կամ այդ բանկի ցանկացած մասնաճյուղում ստանալ ավանդի գումարը եւ դրանից տոկոսներ:
2. Բանկային վկայագիրը կարող է լինել` ըստ ներկայացնողի կամ անվանական:

Հոդված 160. Երկակի պահեստային վկայագիր

1. Երկակի պահեստային վկայագիր է համարվում օրդերային այն արժեթուղթը, որը հավաստում է ապրանքային պահեստի կողմից ապրանքն ի պահ ընդունելը:
2. Երկակի պահեստային վկայագիրը կազմված է երկու մասից` պահեստային վկայագրից եւ գրավային վկայագրից (վարանտից), որոնք առանձին-առանձին արժեթղթեր են:

Հոդված 161. Հասարակ պահեստային վկայագիր

Հասարակ պահեստային վկայագիր է համարվում ըստ ներկայացնողի այն արժեթուղթը, որը հավաստում է ապրանքային պահեստի կողմից ապրանքն ի պահ ընդունելը:

ԳԼՈՒԽ 9. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՐԻՔՆԵՐ

Հոդված 162. Ոչ նյութական բարիքների հասկացությունը

1. Անձի կյանքը եւ առողջությունը, արժանապատվությունը, անձնական անձեռնմխելիությունը, պատիվն ու բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը, ազատ տեղաշարժվելու, բնակվելու եւ գտնվելու վայր ընտրելու իրավունքը, անվան իրավունքը, հեղինակության իրավունքն ու քաղաքացուն ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող այլ անձնական ոչ գույքային իրավունքները եւ ոչ նյութական բարիքներն անօտարելի են ու անփոխանցելի: Օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով անձնական ոչ գույքային իրավունքները եւ այլ ոչ նյութական բարիքները, որոնք պատկանել են մահացածին, կարող են իրականացվել ու պաշտպանվել այլ անձանց` ներառյալ իրավատիրոջ ժառանգների կողմից:
2. Ոչ նյութական բարիքները, սույն օրենսգրքին եւ այլ օրենքներին համապատասխան, պաշտպանվում են դրանցով նախատեսված դեպքերում ու կարգով, ինչպես նաեւ այն դեպքերում ու այն սահմաններում, որոնցում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների օգտագործումը (հոդված 14) բխում է խախտված ոչ նյութական իրավունքի էությունից եւ այդ խախտումների հետեւանքների բնույթից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2005-2013
Հրապարակված փաստաթղթերը պաշտոնապես կարող են օգտագործվել միայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից հաստատվելուց հետո:
Մեր հասցեն` Հայաստանի Հանրապետություն
ք.Երեւան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5
Հեռ.` +374 (10) 511-650
Ֆաքս՝ +374 (10) 511-646
Էլ. փոստ` info@prosecutor.am
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն